Օգոստոսի 30-ին Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում վերաբացվել է գյուղի միակ մանկապարտեզը։ Մանկապարտեզի վերակառուցումը իրականություն է դարձել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։
Դեբեդավան համայնքն շուրջ իսկ 4 տարի չուներ գործող մանկապարտեզ։ Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹ City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
Ներկա են եղել նաև ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Այրում խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը և տեղի բնակիչներ։
Աննա Հակոբյանը բացման արարողությանը հանդես է եկել ելույթով․
‹‹Շատ խորհրդանշական է, որ առաջիկա ուսումնական տարվա նախաշեմին Դեբեդավանում մանկապարտեզի դռներն ենք բացում։ Մեր փոքրիկները պետք է ունենան ամենալավ պայմանները, որովհետև նրանք տաղանդավոր են․ մենք դրանում այսօր համոզվեցինք։ Եվ մենք պարտավոր ենք նրանց ապահովել ամեն ինչով, որպեսզի նրանք ունենան երջանիկ մանկություն»,-նշել է նա իր խոսքում։
Աննա Հակոբյանը շնորհակալական խոսք է ուղղել բոլորին՝ գաղափարի հեղինակին, հիմնադրամի բոլոր նվիրատուներին, Դեբեդավանի կանանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին։
«Ես իսկապես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ձեր գյուղում, Ձեր ընկերակցությամբ։ Ես երջանիկ եմ այս երեխաներին տեսնելով և կրկին ուզում եմ ասել, որ մեր պարտքն է ամեն ինչ անել մեր երեխաների համար։ Առավել ևս մայրաքաղաքից հեռու գյուղերի և նրանց բնակիչների համար, ինչպիսին դուք եք։ Դուք հերոսներ եք։ Դուք իմացեք, որ մենք Ձեր կողքին ենք։ Մանկապարտեզի վերանորոգումը կլինի, թե որևէ այլ բան՝ միշտ իմացեք, որ մենք Ձեր կողքին ենք, ես Ձեր կողքին եմ››,- իր ելույթում ասել է Աննա Հակոբյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը նշել է, որ, իր կարծիքով մանկապարտեզի վերանորոգումը պետության, հասարակության, համայնքի և բարեգործական կազմակերպության համագործակցության արդյունքն է։
‹‹Տեսնում ենք, որ եթե լինում ենք միասնական մեկ բռունցք՝ ապա ամեն ինչ հնարավոր է։ Պարտադիր չէ, որ շատ փող լինի։ Պետք է լինի հաստատակամություն, կամք, նպատակասլացություն, ինչը մենք այսօր բարեբախտաբար ունենք։ Այսօր մեր կառավարությունը, մարդիկ՝ լծված ոգևորությամբ և ձգտմամբ, կարողանում են հասնել ցանկացած նպատակի››,- նշել է նա:
Այսուհետ Դեբեդավան համայքնի շուրջ 30 փոքրիկներ հաճախելու են նորակառույց մանկապարտեզ, որը գործելու է շուրջ 4 տարվա դադարից հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







