Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության տոնի առթիվ միջոցառումների շրջանակներում առաջին անգամ անց է կացվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխություն, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և պաշտոնատար այլ անձինք։
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակի են արժանացել ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցները՝ թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը, պանրագործ Արման Միքայելյանը, բիովառելիքի արտադրությամբ զբաղվող Ստեփան Ավագյանը, ոլտերման Ազատ Թովմասյանը, փայտագործ Սամվել Գասպարյանը, կիսաթանկարժեք քարերի արտադրությամբ զբաղվող Արտակ Բոջիկյանը, թեյի արտադրությամբ զբաղվող Աստղիկ Գալստյանը, կավագործ Ռուբեն Գևորգյանը, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Արտակ Ղարանլղցյանը, կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Արփինե Բարսեղյանը, գործիքներ պատրաստող Լյուդվիգ Միքայելյանը, ռեստորանային բիզնեսով զբաղվող Վարդա Ավետիսյանը և «Վարդենիս կար» ընկերության տնօրեն Լենա Երանոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր մրցանակը հանձնել է թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին՝ նշելով, որ այդ մրցանակը իր մեջ կրում է ողջ հավաքական կերպարն այդ բոլոր ժամանակների հերոսների, նա մի մարդ է, որն իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել` քաղաքից տեղափոխվել է գյուղ: Նա մի մարդ է, որը, լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքն անելիք չունի, որ ինքը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







