Նոր մանրամասներ են ի հայտ եկել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Ստամբուլի նահանգապետարանի կողմից Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրից (կանոնադրությունից): Այս մասին հայտնում է Ստամբուլի «Ժողովուրդ» օրաթերթը։
Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանից փաստաթուղթը ստացել է Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը և փոխանցել պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, ում հասցեագրված է եղել կանոնադրությունը:
Կանոնադրությունը բաղկացած է 6 էջից և ներկայացվել է սեպտեմբերի 23-ի երեկոյան` նախաձեռնող մարմնի հերթական նիստի ժամանակ:
Կանոնադրությունը խորապես ուսումնասիրելու, քնարկելու և դիրքորոշումը հստակեցնելու համար որոշել են նախաձեռնող մարմինի արտահերթ նիստ գումարել սեպտեմբերի 25-ին:
Երեկ երեկոյան խոսակցություններ են շրջանառվել, որ պետք է սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան, կրոնական ժողով գումարվեր, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ այդպիսի ժողով տեղի չի ունեցել: Փոխարենը նշվում է, որ տեղապահ Մաշալյանը, որին տրված է այդ լիազորություններն ու պատասխանատվությունը, թեկնածու սրբազանների վերաբերյալ անհրաժեշտ աշխատանքներ կատարելուց հետո նախատեսելու է կրոնական ժողով հրավիրել, որի նիստին զուգահեռ պետք է կազմակերպվի եկեղեցականների համագումար:
Այս նոր կանոնագրի մեջ մեծ տարբերություն չկա, սական պարբերաբար ավելի զգալի է 1863թ. «Ազգային Սահմանադրության» ազդեցությունը: Կանոնագրում կա մի կետ, որում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարքական թեկնածու պետք է լինեն պատրիարքական աթոռին ենթակա սրբազանները:
Ըստ օրաթերթի՝ այդ նոր սահմանումը գործնականորեն որոշ չափով սահմանափակումներ է նշանակում և հավելում, որ համայնքը այդպիսի իրավիճակում պետք է վարվի որոշակի հավասարակշռությամբ` տարուբերումներից խուսափելու և հակասական պահանջներից զերծ մնալու համար:
Կանոնագրի նորություններից մեկն էլ Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի բարձրացումն է:
Նախկին 89 պատվիրակների փոխարեն այս անգամ թիվը բարձրացրել են 120-ի:
Թերթն ուշագրավ է համարել Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի բարձրացումը, հայտնելով,
որ այն բարձրացրել են 1863թ. Ազգային Սահմանադրության մեջ նախատեսված թվից:
Ըստ նոր կանոնադրության` թե՛ ընտրողների և թե՛ պատվիրակների թեկնածուների դեպքում նվազագույն տարիքի շեմը իջեցվել է 18-ի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







