Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի աճյունը կդրվի Փարիզի Սեն Լուի տաճարի մոտ։ Այս կերպ գործչի հարազատները հնարավորություն են ընձեռում ցանկացողներին վերջին հրաժեշտը տալ նրան։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFM հեռուստաալիքին:
Հեռուստաալիքը հայտնել է, որ կիրակի Փարիզի ժամանակով ժամը 14:00-ին հանգուցյալի աճյունը կդրվի Փարիզի Հաշմանդամների տան պատմական համալիրի տարածքում գտնվող Սեն Լուի (Սուրբ Լյուդովիկոս) տաճարի մոտ: Ցավակցությունների համար կտեղադրվեն նաև գրքեր։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հրաժեշտի արարողության ավարտից հետո դագաղը կտեղափոխվի Սեն Սյուլպիս եկեղեցի, որտեղ նախատեսվում է կեսօրից սկսած հրաժեշտի ծիսակատարություն անցկացնել:
Քաղաքական գործչի աճյունը հողին կհանձնվի Մոնպառնաս գերեզմանատանը՝ «Հավերժ հանգիստ հանճարին» անվանումով հուշարձանի մոտ:
Հիշեցնենք, որ 2005 թ.-ին Ժակ Շիրակն ախտորոշվել էր սրտանոթային համակարգի հիվանդությամբ: Իսկ 2016 թ.-ին գործչի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր ավագ դստեր մահից հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



