Երևանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների ուշադրության կենտրոնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծն է։ Տեղի ունեցավ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցում էին նաև ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն ու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը։
Քննարկման ընթացքում ուսանողների ու դասախոսների կողմից հնչեցին մի շարք դիտարկումներ՝ կապված բուհի ինքնավարության, ակադեմիական ազատության, կառավարման նոր մոդելի և այլ հարցերի հետ։
Ինչպես նշեց ԿԳՄՍ նախարարի խորհրդականը, օրենքի նոր նախագծի վրա սկսել են աշխատել դեռ 2016 թվականից սկսած․ «Որոշում կայացվեց ունենալ միասնական օրենք՝ կրթության և գիտության մասին՝ ելնելով ներկա իրողությունից ու հետազոտահենք կրթությունից, քանի որ նախորդ օրենքը վերաբերում էր միայն բարձրագույն կրթությանը։ Սա դեռևս նախագծի աշխատանքային տարբերակն է»։
Օրենքի նոր նախագծում, ինչպես իր խոսքում ասաց բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը, փորձել են ստանալ հավասարակշռված կառավարման համակարգ։ Խոսքը ակադեմիական (գիտական) խորհուրդ-կառավարման (հոգաբարձուների) խորհուրդ- ռեկտոր-լիազոր մարմին փոխհարաբերությունների մասին է։
«Նոր օրենքով էական բան չի փոխվելու», -կարծում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Արսեն Հովհաննիսյանը,-«Մենք պետք է հասկանանք՝ ում գերակշիռ մասնակցությամբ է ձևավորվում կառավարման խորհուրդը․ եթե գերիշխում է կառավարության մասնակցությունը, ապա կան պետական վերահսկողության տարրեր, իսկ եթե ոչ՝ ինքնուրույնության մակարդակն ավելի է բարձրանում»։
Նկատենք, որ ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծի՝ կառավարման խորհուրդը բաղկացած է լինելու 12 անդամից, որից 6-ին նշանակում է «համապատասխան նախարարը՝ գործարարներից, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության կամ այլ ոլորտների ներկայացուցիչներից»։
Քննարկմանը ներկա ուսանողներից իրավագիտության ֆակուլտետի ուսանող Տաթևիկ Սողոյանը մտահոգիչ համարեց օրենքի նախագծում ամրագրված այն կետը, ըստ որի՝ բարձրագույն կրթության որակի վերահսկողությունը իրականացնում է լիազոր մարմինը․ «2018 թվականի մարտ ամսից, երբ փոփոխություններ կատարվեցին «Տեսչական մարմինների մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում, ամրագրվեց, որ պետական կառավարման համակարգում նախարարությունները պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններ են, և իրենց ոչ մի վերահսկողական գործառույթ չի կարող վերապահվել։ Այստեղ արդեն կա հակասություն»։
Դեկանների նշանակման նոր կարգով կարող է առաջացնել ինքնավարության խնդիր, կարծում է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Խաչիկ Աբաջյանը․ «Եթե ներկա օրենսդրությամբ նրանք ընտրվում են ֆակուլտետային գիտական խորհուրդների կողմից, ապա նոր նախագծով՝ ռեկտորի կողմից։ Այս դեպքում ո՞րն է լինելու ֆակուլտետային գիտական խորհուրդների գործունեության նպատակը, եթե նրանց հիմնական լիազորությունը դեկանի ընտրությունն էր, ուսումնական տարվա ծրագրի իրականացմանը հետևելն ու դեկանի հաշվետվության ընդունումն էր»։
Հարցադրմանը ի պատասխան՝ կառավարության ներկայացուցիչը նշեց, որ այդ նշանակումների կարգը ուղիղ առնչություն չունի ժողովրդավարության հետ, կարևորն ակադեմիական ազատության գոյությունն է։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







