Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ներկա են գտնվել «Երևան, իմ սեր»-հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած չորս երիտասարդների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշել է, որ Հանրապետության նախագահի կողմից «Հայրենիքի պաշտպան» ձեռնարկի մասին հայտարարելուց հետո հիմնադրամը նախաձեռնել է առաջին ծրագիրը և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» բուժվող երիտասարդների համար կազմակերպել լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժի դասընթացներ։ Ծրագրին մասնակցել է կենտրոնում բուժվող 11 երիտասարդ: Նրանցից Տիգրան Սարգսյանը որպես լուսանկարիչ արդեն աշխատանքի է անցել «Երևան, իմ սեր» հիմնադրամում:
Արմեն Սարգսյանը կարևորել է հայրենիքը պաշտպանելիս իրենց կյանքը վտանգած երիտասարդներին ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը։
«Նրանց մեջ կան շատ երիտասարդներ, որոնք թոշակ են ստանում, սակայն այն չի կարող բավարարել երիտասարդ մարդուն։ Խնդիրը նրանց նորմալ կյանք վերադարձնելն է, և ես ուրախ եմ, որ նրանցից մի քանիսն այսօր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում։ Փայլուն և տաղանդավոր մարդիկ են, նվիրված աշխատում են ու հոյակապ արդյունքներ ունեն»,-նշել է ՀՀ նախագահը։
Անդրադառնալով ցուցադրված ֆոտոաշխատանքներին՝ նախագահը նշել է, որ յուրաքանչյուր մասնակից իր ոճն ունի. «Ուրախ եմ, որ նրանցից մի քանիսն իրենց կյանքը կշարունակեն սովորածն օգտագործելով որպես մասնագիտություն, որով հպարտ կլինեն, կստեղծագործեն և որի օգնությամբ իրենց լիարժեք տեղը կգտնեն հասարակության մեջ։
Ուզում եմ կրկնել իմ կոչը՝ եթե մեզանից յուրաքանչյուրը՝ լինի դա պետական հիմնարկ կամ մասնավոր ընկերություն, մի փոքր քայլ անի և օգնի այն երիտասարդներին, որոնք այսօր գուցե հոգեբանական, ֆինանսական դժվարության մեջ են, կարողանա կյանք վերադարձնել մեկ, երկու, երեք հոգու, ապա մեծ գործ արած կլինի»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







