Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրներն են ներկայացրել:
Գրության մեջ արձանագրված հիմնական խախտումներն են.
Պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ:
Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կենտրոնում բացակայում են հարմարեցվածությունները:
Պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա զբոսանքի իրավունքը:
Բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման հնարավորությունը:
Չեն պահպանվում զսպման միջոցների կիրառմանն առնչվող կարգավորումները (օրինակ՝ ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը հիվանդասենյակներում և այլ պացիենտների ներկայությամբ, ֆիզիկական զսպման մեխանիկական ոչ պատշաճ միջոցներ և այլն):
Բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները:
Անհրաժեշտ են նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպելու հստակ մեխանիզմներ:
Անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ:
Հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով և այլն:
Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է Կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման հետ կապված հարցերի կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







