Ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկի՝ Forbes-ի հեղինակ Բրիաննա Ուլսոնը տպավորվել է «Անդրկովկասյան արահետի» հայկական հատվածով՝ «Անդրկովկասյան արահետ» զբոսաշրջային երթուղու մասին պատմող հոդված գրելով։ «Անդրկովկասյան արահետ» զբոսաշրջային երթուղին ցույց է Հայաստանի և Վրաստանի գեղեցկությունը։
Հեղինակի խոսքով՝ դեպի Հայաստան արշավ իրականացնելը հիանալի տարբերակ է հայկական մշակույթի մեջ ընկղմվելու համար։
Ուլսոնը նշել է, որ ամեն օր չէ, որ New York Time–ը արշավային արահետը ներառում է «Աշխարհի 100 ամենագեղեցիկ վայրերի» հեղինակավոր ցանկում։
«Ըստ էության, սա առաջին անգամ է։ Եվ սա դեռ սկիզբն է այն փառքի, որը կունենա այս երթուղին…»,–նշել է հոդվածագիրը։
Ուլսոնն ընդգծել է, որ «Անդրկովկասյան արահետ»-ը միացնում է Հայաստանի, Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի որոշ ամենագեղեցիկ շրջանները, ավելի քան 1800 մղոն:
«Ու թեև սրանք ամենաանհավանական լանդշաֆտներն են, որոնք ձեզ հաջողվել է տեսնել կյանքում, միայն նրանք չեն, որ արահետն այդքան յուրահատուկ են դարձնում։ Այս արշավի բացառիկությունը տեղացիների հյուրընկալությունն է»,–նշում է Բրիաննան։
Նրա ուղևորությունը սկսվել է Երևանից, այնուհետև` Սևանա լճից։ Դրանից հետո արահետն անցել է Կալավանի, Խաչարձանի, Գոշի, Դիլիջանի ազգային պարկի, Հաղարծինի գեղատեսիլ վայրերով, իսկ այնտեղից` դեպի Հաղպատի և Սանահինի վանքեր։
«Յուրաքանչյուր անկյուն բացարձակ անկրկնելի մի բան է առաջարկում»,–գրում է նա։
Աղջիկը հիացմունքով պատմում է ինչպես Գոշում գտնվող խանութ–հյուրանոցի մասին, այնպես էլ Խաչարձանի և Դիլիջանի հյուրատների` նշելով տերերի հյուրընկալության մասին։
Ինչ վերաբերում է սննդին, ապա ճանապարհորդը նշում է, որ հայկական խոհանոցն աշխարհում լավագույներից մեկն է։
«Ամեն սեղանին անպայման պետք է թարմ կանաչիով ափսե լինի դրված, կողքին` թարմ լավաշ, տնական պանիր և թթու… Իսկ ճաշկերույթը պարտադիր ավարտվում է տնական փախլավայով», – պատմում է հոդվածի հեղինակը։
Վերջում Բրիաննան պատմում է, թե ինչ պետք է հագնել այս գեղատեսիլ երթուղով ճանապարհորդելիս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







