Իռլանդական Ryanair ավիաընկերությունը 2020 թվականի հունվարից Երևանից դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին, և Գյումրիից՝ Մյունխեն թռիչքներ կիրականացնի։ Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ’Բրայանը։
օ’Բրայանի խոսքով՝ տոմսերի արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ։Ընկերության կոմերցիոն ղեկավարի խոսքով՝ նոր ավիափոխադրողի և նոր ուղղությունների՝ Հայաստանում ներգրավումը կնպաստի նաև օդանավակայանում աշխատատեղերի ավելացմանը։
«Կարծում ենք որ այն 130,000 ուղևորները, որոնց կփոխադրենք, կնպաստեն նաև աշխատատեղերի ավելացմանը: Եթե համեմատելու լինեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերությունների հետ, ապա այս ուղևորները 20 միլիոն եվրոյի խնայողություն կանեն»,- ընդգծել է օ’Բրայանը։
Անդրադառնալով այն հարցին՝ ինչ սկզբունքով են որոշվում տոմսերի գները՝ ընկերության կոմերցիոն ղեկավարը նշել է, որ հաճախորդներն են որոշում գները:
«Ի տարբերություն մյուս ավիաընկերությունների՝ մենք «լցնում» ենք օդանավը՝ անկախ նրանից, թե ինչքան կլինի, ինչը երաշխավորում է, որ գներն էժան կլինեն: Տարվա կտրվածքով Ryanair-ի տոմսերի միջին գինը 35 եվրոյի կարգի է»,- ասել է Դեյվիդ օ’Բրայանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







