ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 2003 և 2001 թթ. ծնված եղբայրներին:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, ոստիկանության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ.Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա.Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված երիտասարդի կողմից:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից և գողոնը թաքցրել կամուրջներից մեկի տակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ անչափահաս եղբայրներին մեղադրանք է առաջադրվել։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ ոստիկանության ծառայողներ՝ 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը՝ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ, և 1994 թվականին ծնված Արմեն Հակոբյանը՝ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







