Հայաստանյան բուհերում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ հայեցողական բնույթ է կրելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննարկվում է այդ առարկաները պարտադիր ուսուցման ծրագրից հանելու հարցը։
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ այս գործընթացի տրամաբանությունն այն է, որ աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում և՛ հայոց լեզվից, և՛ հայ գրականությունից, և՛ պատմությունից և ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունը ազդում է մասնագիտական ծրագրի բովանդակության և որակի վրա։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ բուհերն իրենց հայեցողությամբ կարող են այդ առարկաները ներառել ծրագրում:
«Շատ բուհեր կներառեն, սակայն այդ առարկաների դասավանդումը պարտադիր բնույթ չի կրի: Հաճախ մասնագիտական ֆակուլտետներում դժգոհում են, որ ուսանողները շատ ավելի ժամանակ են կորցնում պարտադիր առարկաների վրա, որոնք անցնում են դպրոցներում և մասնագիտականին քիչ ժամանակ է մնում»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







