Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում է գտնվում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը: Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին նվիրված մշակութային ծրագրով հայ մեծ գրողի հյուրընկալ հարկի ներքո են հավաքվել հայ և վրացի մտավորականները:
Ամենայն հայոց բանաստեղծի տունն այսօր կրկին մարդաշատ է։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Վերնատուն» գրական խմբակը Թումանյանի գործունեության տարիներին իր շուրջն էր համախմբել ժամանակի նշանավոր մշակութային ու հասարակական գործիչներին՝ Ղազարոս Աղայանին, Լևոն Շանթին, Կոմիտասին և ուրիշներին: Այժմ էլ ավանդույթը շարունակում են մերօրյա մշակութային գործիչները: Թումանյանի տանը պահպանվել են մեծ գրողի շունչն ու ոգին․ այնտեղ են Ամենայն հայոց բանաստեղծի լուսանկարները, հարուստ գրադարանը, հինավուրց հայելին ու բուխարին։
Շուրջ 170 տարվա վաղեմության իրեր, որոնք այցելուներին վերադարձնում են 20-րդ դարասկզբի թիֆլիսյան իրականություն։ Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ 1903 թ. տեղափոխվել ու մինչև վախճանն ապրել է հենց այս բնակարանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







