Երևանի Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները, որոնց բնակարանները 10 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով հոկտեմբերի 28-ին, բողոքի ակցիա են անցկացնում իրենց հին տների մոտ` պահանջելով փոխհատուցում իրենց բնակարանների համար։
«Անտարբերության ենք մատնված: Արդեն 13 տարի է` մենք պայքարում ենք: Հեղափոխությունից հետո սա արդեն 10-րդ նկարահանումն է, որ մենք կանչել ենք, հրավիրել ենք կառավարությանը, քաղաքապետարանին, թաղապետարանին, բայց միայն արժանացել ենք արհամարհանքի, նույնիսկ չեն ճշտել, թե ինչի համար ենք մենք բողոքում»,- ասաց բնակիչներից մեկը՝ հավելելով, որ իրենց բնակարանները 10 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով, որի արդյունքում 28 ընտանիք դուրս է հանվել իրենց բնակարաններից։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկել են իրենց գտած ներդրողին՝ մտածելով՝ կառավարությանը նեղություն չտան, սակայն քաղաքապետը չի համաձայնվել:
Խնդրի հետ կապված «Armenia Today»-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել քաղաքապետարանի իրավասու մարմինների հետ, սակայն կառույցի մամուլի ծառայությունից նշեցին, որ իրենք տեղյակ չեն արդյոք այդ հարցը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում է, թե՝ ոչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







