Կոտայքի, Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքը կկազմակերպվի ընտանիքներում։ Այս մասին որոշումը կայացրել է ՀՀ Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 31-ին կայացած նիստում։
Երեխաների խնամքի պայմաններն ընտանիքներում կազմակերպելու նպատակով մինչև 2020 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում պետության կողմից հասարակական կազմակերպություններին ծրագրեր պատվիրակելու միջոցով ստեղծվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ։
Որոշման ընդունման արդյուքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանիքում, կբարելավվի նրանց կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակությանը, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս կապահովվի խնամքը ընտանեկան միջավայրում, նշված մարզերում կավելացվի խնամատար ընտանիքների թիվը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ այդ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա:
Նախարարի խոսքով՝ այս տարի իրականացվել է հաստատություններում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում, որի հիման վրա մշակվել են և շարունակում են մշակվել անհատական ծրագրեր:
«Բոլոր երեխաները շարունակում են ստանալ պետական աջակցություն: Հաշվի առնելով ծնողների պատրաստվածությունը՝ նրանց 30 տոկոսն արդեն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում: Խոսքը 16 ընտանիքի մասին է, նրանց համար նախատեսվում է իրականացնել մասնագիտական դասընթացներ, տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար»,- ընդգծել է Զարուհի Բաթոյանը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից, բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի, որտեղ ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ հունվարի 1-ից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







