Ինչպես ասում են՝ զինվորականներ չեն դառնում, զինվորականներ ծնվում են: Այս սակավ կոչվածներից մեկն էր Մարշալ Բաբաջանյանը:
1906 թ. Չարդախլուում ծնվեց Համազասպ Բաբաջանյանը: Տղան շատ անհանգիստ և կռվարար էր, ինչի համար նրան շատ մականուններ տվեցին: Երևանի ռազմական դպրոցում նրան կոչեցին «Մանկիկ», իսկ «Սև Հովազ» դարձավ ավելի ուշ:
1941-ի պատերազմը Բաբաջանյանը դիմավորեց 19-րդ բանակում, 1941-ի աշնանը նա նշանակվում է 395-րդ հետևակային գնդի հրամանատար, որն այդ օրերին կռվում էր Սմոլենսկի ուղղությամբ: Բաբաջանյանը միշտ ամենաթեժ մարտերի կիզակետում էր: 1943-44 թթ. ձմռանը Բաբաջանյանի հրամանատարության տակ գտնվող զորամասերը մասնակցում էին Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը:
Կազատին քաղաքի գրավումը նրա փայլուն ռազմական գործողության արդյունքն էր: Նա որոշեց քաղաքը գրավել գիշերով: Բաբաջանյանը հրահանգեց միաժամանակ միացնել բոլոր տանկերի, մեքենաների, զրահապատ ինքնագնացների լույսերը, շչակներն ու ազդանշանները:
Նրա մասին մի առիթով գեներալ Ի. Դրեմովը գրել է. «Ստանիսլավի ուղղությամբ մղված կռիվներում Հ. Բաբաջանյանը որպես բրիգադի հրամանատար աչքի ընկավ իր համարձակությամբ, վճռականությամբ, հմտությամբ: Բրիգադը դրսևորելով սրընթաց շարժունակություն, շրջանցեց հակառակորդի թիկունքը եւ կտրեց նրա նահանջի ուղին»:
1944-ին Բաբաջանյանը կոկորդից ծանր վիրավորվում է: Ապաքինվելուց հետո նա նորից ռազմաճակատում էր: Նա մնաց ռազմի դաշտում մինչև 1945-ի մայիսի 2-ը, երբ նրա տանկերը վերջին համազարկը տվեցին Ռայխստագի մոտ:
Զրահատանկային ուժերի մարշալի կոչմանը Համազասպ Բաբաջանյանն արժանացել է 1967 թվականին: Պատերազմից հետո նա բանակի շտաբի պետ էր, Ուկրաինայի ռազմական զորքերի հրամանատար, ղեկավարում է զրահատանկային ուժերի ռազմական ակադեմիան, իսկ 1969 թ. մայիսից նշանակվել է խորհրդային բանակի զրահատանկային ուժերի հրամանատար՝ դառնալով արդեն գլխավոր մարշալ:
Մեծ մարդն ու զինվորականը մահացել է 1977 թվականի նոյեմբերի 1-ին: Նրա անունն ու գործը մեր պատմության ամենահերոսական էջերից են և դասագրքային օրինակներ են, թե ինչպիսին կարող է և պետք է լինի զինվորականը:
Իր ժամանակակաիցների հուշերում նա մնացել է որպես հասարակ մարդ, ով հաճախ այցելում էր իր գյուղ, շուրջը հավաքում համագյուղացիներին ու տոն դարձնում օրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







