Մանկատան շուրջ 300 շրջանավարտների բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվի։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում։
Բնակարանների գնման վկայագրեր կստանան այն սաները, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թվականից:
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն դրամը չգերազանցող արժեքով բնակարաններ:
Վերջին 16 տարիներին պետությունը չի կատարել կամ թերի է կատարել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու իր պարտականությունները:
Մանկատան շրջանավարտներին բնակարաններ, հիմնականում, հատկացվել են սոցիալական բնակարանային ֆոնդից՝ դրանց առկայության պարագայում, սակայն մանկատան շրջանավարտները, մեծ մասամբ, հրաժարվել են բնակվել այդ բնակարաններում, իսկ շատերն էլ փորձում են քողարկել դրանցում բնակության փաստը:
Համաձայն նախագծի՝ իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով ՀՀ մանկատների 300 շրջանավարտների համար կստեղծվեն առավել բարենպաստ բնակարանային պայմաններ, կտրամադրվի հոգեբանական աջակցություն, որի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 1,900,000 հազար դրամ։
Համաձայն ծրագրի՝ շահառուները առաջնահերթության կարգով կընդգրկվեն զբաղվածության պետական ծրագրերում, որովհետև մանկատան շրջանավարտներն աշխատաշուկայում առավել խոցելի են համարվում. մեծ մասը չունի համապատասխան կրթություն և հմտություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







