ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին փոխանցում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ Հայաստանում ծրագրի գործունեության 24-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ միջոցառումն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։
Ինչպես նշել է նախարարը, շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որը լուրջ հեռանկարներ է բացում Հայաստանի բարձրագույն կրթության արագընթաց զարգացման համար։ «Կատարելագործվում են հավատարմագրման գործընթացները, լայն հնարավորություններ են ստեղծվում համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար, մեծ փոփոխություններ են նախատեսվում բուհերի ֆինանսավորման և կրթական համակարգի արդիականացման ու միջազգայնացման ուղղություններով։ Էրազմուս+ ծրագրի նախագծերը կարող են էապես խթանել այդ բարեփոխումների իրագործումը»,-նշել է նախարարը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ հենց երիտասարդներն են պատասխանատու երկրի ապագայի համար, և շատ կարևոր է աջակցել նրանց ու պայմաններ ստեղծել, որ կարողանան իրենց ուսումը շարունակել արտերկրում, ապա աշխատել Հայաստանում և զարգացնել երկիրը:
Ամեն տարի Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է մրցույթ` 184 երկրի տասնյակ հարյուրավոր բուհերի և կազմակերպությունների համար, որոնք կարող են ներկայացնել իրենց հայտերը և ծրագրերը: Այս տարի ևս միջոցներ կտրամադրվեն էրազմուս+ ծրագիրը ֆինանսավորող 34 երկրների և գործընկեր 150 պետությունների, որոնց թվում է նաև Հայաստանը:
Ամենամյա Տեղեկատվական օրերը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածմանը միտված միջոցառումների շարք են, որոնք տրամադրում են Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորությունները։ Տեղեկատվական օրերի ընթացքում հրապարակվում են Էրազմուս+ ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2020թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման ամփոփիչ մրցույթում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







