Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» պաշտոնաթերթի կայքի պաշտոնական հաղորդագրությունից։
Համաձայն հաղորդագրության՝ Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:
Դեպքի առթիվ Armenia Today-ի թղթակիցը կապ հաստատեց Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի գրասենյակի հետ, որտեղից հայտնեցին, որ տեղյակ են դեպքի մասին և իրենք նույնպես հաստատում են տեղեկատվությունը։ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից հայտնեցին նաև, որ իրենք մի- փոքր ուշ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան՝ դեպքի մանրամասների վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







