ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը վաղն առավոտյան կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ համապատասխան գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում։
«ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»-նշել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Նոր Հաճնում. շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա տատը` Ժաննա Սիմոնյանը և իր չորս թոռները` 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ն:
Ողբերգական տեղեկությունն իմանալուց հետո երեխաների հայրը Ուկրաինայից շտապել է վերադառնալ Հայաստան, սակայն օդանավակայանում՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է:
Արման Մարգարյանը խնդրել էր, որպեսզի իրեն թողնեն, որ վերադառնա ու մասնակցի մոր և երեխաների հուղարկավորությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







