Այսօր իսկական հայ մարդու, գիտնականի ու զինվորականի ծննդյան օրն է: Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս, ծնվել է 1942 թ. Թիֆլիսում։ 1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում: 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Բացի հրաշալի գիտնական լինելուց, նա նաև փայլուն զինվորական էր. Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին:
Ազգալդյանը իր կյանքն ու ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը: Ազգալդյանը մինչև իր կյանքի վերջին րոպեն պայքարեց հանուն հողի և 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Ինչպես ասում են հերոսները չեն մեռնում, քանի դեռ նրանց հիշում ենք, այսօր ևս մեկ առիթ է հիշելու և հիշեցնելու իրական հերոսների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







