Դեռևս որևէ տեղեկատվություն Ստամբուլի օդանավակայանում մնացած հայերի քանակի ու խնդրի վերաբերյալ չկա։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցին հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից։ Համաձայն տեղեկատվության՝ կոմիտեից կապվել են ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ և երեկվա դրությամբ ներկայացուցչի խոսքով բոլորը տեղեկացված են եղել չվերթների չեղարկամ մասին։ Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ ովքեր այլ ճանապարհներով կվերադառնան Հայաստան կամ Հայաստանից հետ կմեկնեն Թուրքիա, համաձայն AtlasGlobal կայքում տեղադրված հայտարարության՝ կփոխհատուցվեն։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Երևան վերադարձող բազմաթիվ հայաստանցիներ մնացել են Ստամբուլի օդանավակայանում՝ թուրքական AtlasGlobal ավիաընկերության չվերթների դադարեցմամբ պայմանավորված։
AtlasGlobal–ը նոյեմբերի 26–ի հայտարարության մեջ նշել է, որ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21–ը չեղարկված թռիչքների տոմսերի գումարները հետ են վերադարձվելու, սակայն նոյեմբերի 27–ին հայաստանյան տուրգործակալներին չի հաջողվել կապ հաստատել AtlasGlobal–ի գրասենյակի հետ և պարզաբանումներ ստանալ, թե ինչպես են վաճառված տոմսերը հետ վերադարձնելու և ինչպես են արդեն Ստամբուլում գտնվող հայ ուղևորները վերադառնալու։
Նշենք, որ AtlasGlobal ավիաընկերությունը պատկանում է Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարի եղբորը։ Ավիաընկերությունն ուղիղ չվերթներ էր իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







