Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությունն ունի 300 անդամ և գործում է 2012 թվականից: Նախաձեռնության հիմնական նպատակն է վերհանել և լուծել Շիրակի մարզում առկա խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական, զբոսաշրջային, մշակութային, սպորտային ուղղություններով:
Արմեն Սարգսյանը ծանոթացել է երիտասարդների յուրօրինակ աշխատանքներին, դիտել նրանց հերթական նվերը քաղաքին՝ խցաններով խճանկարի տեսքով։ Այնուհետև նախագահը հանդիպել է նախաձեռնության անդամների հետ, զրուցել վերածնվող Գյումրիում երիտասարդների դերի մասին։
«Ձեր մասին տարբեր տեղերից լսելով՝ մտածեցի, որ կարող է դառնանք համախոհներ, ինչ-որ բան անենք միասին»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով, որ նախաձեռնության անդամները մեր երկիրն են, մեր երկրի ապագան են։
Կարևորելով թիմային աշխատանքը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ լավագույն ղեկավարը, առաջնորդը նա է, ով ստեղծում է իր կողքին մարդկանց, ովքեր կարող են շարունակել գործն առանց իրեն։
«Խորհուրդս ձեզնից յուրաքանչյուրին՝ անգամ եթե փոքր գործ եք անում, ստեղծեք թիմ, հնարավորություն տվեք՝ մյուսներն էլ խոսեն։ Երբեք մի վախեցեք աշխատել մարդկանց հետ, ովքեր ձեզնից ավելի խելացի են կամ փորձառու։ Դա միայն ցույց է տալու, որ դուք ուժեղ եք։ Միայն թույլ մարդիկ կարող են վախենալ, որ ինչ-որ մեկը կարող է իրենցից խելոք լինի կամ փորձառու։ Մեծ հաջողությունը միշտ գալիս է թիմի հետ»,- եզրափակել է ՀՀ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







