Երևանի քաղաքապետարանն ամանորյա ծախսերը վերջին երկու տարիներին որևէ կերպ չի ավելացրել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ 2017 թվականին Երևանի բյուջեից տրամադրվել է 199 մլն դրամ, 2018 թվականին՝ 167 մլն դրամ, իսկ 2019 թվականին հատկացվել է 158 մլն դրամ։
Տիգրան Վիրաբյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Գորան Բրեգովիչի և նրա խմբի համերգը և դրա համար վճարվելու է 65 հազար եվրո։
Անդրադառնալով ամանորյա միջոցառումներին՝ Վիրաբյանը նշեց, որ Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է ժամանակակից հեքիաթային քաղաք, պատվիրվել է վերգետնյա անցում՝ դեպի տոնածառ անվտանգ երթևեկությունն ապահովելու համար։
«Դեկտեմբերի 21-ին ժամը 20։00-ին տեղի կունենա տոնական լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հայկական մոտիվներով, հայաֆիկացված համաշխարհային ամանորյա հիթերի մյուզիքլով։ Կարծում եմ՝ այս ձևաչափը կլինի շատ հետաքրքիր։ Միջոցառումները կշարունակվեն մինչև 2020-ի հունվարի 13-ը։ Ամանորյա միջոցառումները չեն կարող լինել մեկ կամ երկու համերգային ծրագրով, ամեն երեկո պետք է հետաքրքիր դարձնենք մայրաքաղաքի կենտրոնը համաքաղաքացիների, հյուրերի համար,- ասաց նա։
Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ դեկտեմբերի 31-ին ծրագիրը մեկնարկելու է 22։00-ից։ Հանրապետության հրապարակից ուղիղ եթերով կլինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







