Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության։ Խոսքը վերաբերվում է նաև երեխաների և կանանց նկատմամբ բռնությանը․ այնտեղ, որտեղ երեխաների և կանանց նկատմամբ բռնություն է կիրառվում, պետությունն այդտեղ միջամտելու իրավունք ունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, տեղի ունեցած Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուստամ Բադասյանին ուղղված ճշգրտող այն հարցին՝ արդյոք ստացան միջազգային իրավական գնահատական, թե ու՞մ նկատմամբ բռնության կանխարգելմանն է ուղղված Ստամբուլյան կոնվենցիան՝ Բադասյանը պատասխանեց․
«Վենետիկի հանձնաժողովը մեր խնդրանքով անդրադարձել է այն բոլոր փաստարկներին, որոնք հնչել են հանրային քննարկումների ժամանակ և բոլոր շահարկումներն անտեղին են։ Կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային բռնության կանխարգելումն է»,- ասաց Բադասյանը։
Բադասյանը հավելեց, որ այն բոլոր փաստարկներ, որ կոնվենցիան վերաբերվում է միասեռական ամուսնությունների օրինականացմանը կամ այդ զույգերի կողմից երեխաների որդեգրմանը, սևով սպիտակի վրա գրված է, որ դա չի ամրագրում։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունն էլ կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի։
«Ինպես կոռուպցիայի դեպքում ենք ասում, շատ ավելի կարևոր է կանխարգելման քաղաքականությունը, և այս առումով օրենքի նախագծի ընդունումը շատ կարևոր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անկախ որևէ կոնվենցիայից, ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







