«ՀՀ աշխատաշուկայում առկա է 4000 թափուր աշխատատեղ: Բայց այդ տեղերի համալրման լուրջ խնդիր կա: Եվ ոչ բոլոր դեպքերում է, որ խնդիրը ոչ բավարար աշխատավարձն է»։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ամփոփելով անցնող տարին։
«Մեր կայքում տեղադրված է բոլոր աշխատատեղերի մասին մանրամասն ինֆորմացիա` աշխատանքի նկարագրությամբ և աշխատավարձի չափով: Այս տարի աշխատանքի 10 տոնավաճառ ենք անցկացրել։ Գործատուներն առաջարկում են 150 հազար և ավելի բարձր աշխատավարձ»,- տեղեկացրեց Բաթոյանը՝ ավելացնելով, որ հիմնական խնդիրը, մասնագիտական հմտությունների ու ցանկության հարցն է:
Նախարարն անդրադարձել է նաև աղքատության հաղթահարմանը, ընդգծելով, որ պետությունը պետք է հնարավորություններ ստեղծի, որպեսզի մարդիկ կարողանան բացահայտել իրենց աշխատանքային գործունեության ունակություններն ու կարողությունները: Բաթոյանի խոսքով` այս տարի զբաղվածության գործակալության միջոցով ավելի քան 11 000 մարդ է աշխատանքի ընդունվել, որոնցից 7794-ը կանայք են, 3483–ը` երիտասարդներ, իսկ 203-ը` հաշմանդամություն ունեցող անձինք: Ըստ նրա` աշխատանքը պետք է դառնա աղքատության հաղթահարման եթե ոչ միակ, ապա հիմնական սկզբունքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







