Ֆրանսիական հայտնի PAUL («Փոլ») սրճարանների ցանցը շուտով մուտք կգործի Հայաստան։ Ավելի քան երկու տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը ստորագրել է պայմանագիրը PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ։
Առաջիկա մի քանի տարում PAUL սրճարանի 5 մասնաճյուղ կբացվի Հայաստանում, ինչը հնարավորության կտա ստեղծել մոտ 200 նոր աշխատատեղեր։
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանի խոսքով PAUL-ը նոր որակ ու չափորոշիչ կբերի հայկական շուկա։
«130 տարվա վաղեմություն ունեցող այս բրենդը մի ամբողջ փիլիսոփայություն է, որը սովորեցնում է փոքրիկ ուրախություններով կյանքը սիրելու ու վայելելու արվեստը՝ ֆրանսիական «arts de vivre»-ն»,- նշել է Արտյոմ Խաչատրյանը։
PAUL սրճարանը հիմնադրվել է դեռևս 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելովորպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցում։
Այժմ PAUL-ը ներկայացված է աշխարհի 46 երկրներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







