Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից ՀՀ քաղավիացիայի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու հարցը։
Ռևազյանը նշել է, որ այս տարվա նոյեմբերի 20-ին իրենց հրավիրել են հանդիպմանը և իրենք ներկայացրել են փաստարկները, հնչեցված հարցերին տվել սպառիչ պատասխաններ և կարողացել խուսափել «սև ցուցակ»-ում հայտնվելուց։
«Նրանք համարեցին, որ հիմա չարժե որևէ ավիաընկերություն սև ցուցակի մեջ ներառել: Որոշում կայացվեց, որ գան Հայաստան փետրվար ամսին, իսկ մայիսին կազմակերպեն հանդիպում, որի շրջանակներում էլ վերջնական որոշում կկայացվի»,- ասել է Տաթևիկ Ռևազյանը։
Ռևազյանի խոսքով՝ այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա կատարելու, և դա պետք է արվեր դեռ 10 տարի առաջ:
«Խնդիրը Հայաստանում գրանցված ավիաընկերությունների նկատմամբ բարձր մակարդակով վերահսկողությունն է: «Արմենիա» ավիաընկերությունը, «Atlantis European Airways»-ը և «Տարոն Ավիա»-ն դիմել էին ԵՄ չվերթներ իրականացնելու համար: Այդտեղ վերահսկողությունը շատ խիստ է: Առաջին երկու ընկերությունն աուդիտն անցել է, երրորդը չի կարողացել անցնել»,- նշել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ ավիաընկերությունը խնդիրը կարողացել է վերացնել, բայց թե ինչից է այդ խնդիրն ի սկզբանե առաջացել՝ չեն կարողացել նկարագրել: Նրա խոսքով՝ Եվրամիությանը ներկայացրել են խնդիրները, առաջարկվող լուծումներն ու ժամկետները, որի ընթացքում պետք է առաջընթաց արձանագրեն:
Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ հանդիպման ժամանակ հարց է ուղղվել իրենց՝ ինչու՞ չեն նկատել այդ խնդիրները և պատասխանել են, որ դա պայմանավորված է որակյալ մասնագետների պակասով։
«Այո, մենք պետք է կարողանանք այդ բոլոր խնդիրները հայտնաբերել: Պատճառը կապված է ռեսուրսների հետ, աշխատավարձերը շատ ցածր են և ամենալավ մասնագետները նախընտրում են մասնավոր ընկերությունները:
Դրա համար մենք շատ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում, գտնում ենք, որ պետք է լինեն օրենսդրական փոփոխություններ, որ աշխատավարձերը կարողանանք բարձրացնել»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը՝ ընգծելով, որ դա չի լինելու պետբյուջեի հաշվին, այլ հնարավորություն է տրվելու Քաղավիացիային, որ սկսի գումար գանձել իր ծառայությունների համար։
«Եթե Հոլանդիայում ուզում ես ավիաընկերություն գրանցել, ապա դա արժե 25 հազար եվրո: Հայաստանում դա անվճար է, եթե դու օդաչու ես, ուզում ես քո լիցենզիան երկարաձգել, ապա մեզ մոտ անվճար է: Երբ մենք սկսենք մեր ծառայությունների համար գումար գանձել, արդեն կկարողանանք կտրուկ բարձրացնել աշխատավարձերը: Կարողանանք պատրաստել ու վերապատրաստել նոր մասնագետների»,-ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը։
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի քաղավիացան ուժեղացած վերահսկողության տակ է վերցրել։ Հայտարարության մեջ խոսվում է նաև Հայաստանի մասին, որ երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգման՝ թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







