Գալիք տարի Հայաստանում հնարավոր է գործի հայկական նոր ավիաընկերություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Ռևազյանը նշել է, որ մեկ ընկերություն արդեն դիմել է, ներկայումս ուսումնասիրվում են փաստաթղթերը:
«Եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխան են անհրաժեշտ պահանջներին, ապա հաջորդ տարի մենք կունենանք տեղական ավիափոխադրող»,- ասել է Ռևազյանը։
Անդրադառնալով Գյումրիի օդանավակայանին՝ Տաթևիկ Ռևազյանը նշեց, թե փաստ է, որ այն Հանրապետության երկրորդ օդանավակայանն է, իսկ քաղաքը տուրիզմի առումով դեռ այնքան աշխույժ չէ, որ ավիաընկերությունները հերթ կանգնեն ու ցանկանան Գյումրիից թռչել։
«Միայն «Պոբեդա» ավիաընկերությունն է Գյումրիից չթվերթ իրականացրել և մեկ ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան: Այլ տարբերակ չի եղել: Հիմա նաև RyanAir»-ն է թռչում, հնարավոր է ապագայում WizzAir-ը թռչի Գյումրիից»,-ասաց Ռևազյանը՝ հավելելով, որ Եվրոպայում ներկայացնելու ժամանակ իրենք «Զվարթնոցի» անունը չեն էլ տվել, շեշտը դրել են Գյումրիի օդանավակայանի վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







