Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կայացել է Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը:
Աղվան Վարդանյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին, ասաց. «Սա նաև մեր պետության ամոթն է»:
Ըստ Աղվան Վարդանյանի՝ քիչ չեն մարդիկ, ովքեր երկրում դրական տեղաշարժեր են զգացել Քոչարյանի իշխանության տարիներին: Քոչարյանի տարիներին եղել են նաև արտաքին քաղաքական ձեռքբերումներ և, ըստ Վարդանյանի, այդ մարդիկ այսօր պիտի խոսեն:
Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգողի կարծիքով՝ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ո՛չ քաղաքացուն, ո՛չ էլ պետությանը. «Այս վիճակից պետք է դուրս գալ: Ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է: Իշխանությունը դա չի անում՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ: Մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային, քաղաքական պահանջ: Արձագանքելով 60 հազար քաղաքացիների պահանջին, ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակը Ռ. Քոչարյանի ազատությունն է»:
Վարդանյանը նշեց, որ այս նպատակով իրենք աշխատելու են տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների հետ, բայց նաև կարծում են, որ ՀՀ ներկայիս իշխանությունները պիտի դադարեցնեն քաղաքական հալածանքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







