Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արմավիր մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին այցելել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց և More for Metsamor («Ավելին` Մեծամորի համար») նախագծի շրջանակում հանդիպում ունեցել աշակերտների և քաղաքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է ներկաների հարցերին, խոսել Հայաստանի ապագայի համար գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին:
«Բոլորիդ չեմ առաջարկում, որ անպայման զբաղվեք գիտությամբ ու նոր տեխնոլոգիաներով: Դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ բոլորը գիտնական են: Իմ խորհուրդն է՝ զբաղվեք նրանով, ինչով կարող եք բացահայտել ձեր տաղանդը, ցանկությունը, ձեր վերաբերմունքը կյանքին»,-դիմելով աշակերտներին ասել է նախագահը:
ՀՀ նախագահը նշել է, որ ցանկացած երեխա ի ծնե օժտված է տաղանդով, և կարևոր է, որ հարազատներն ու ուսուցիչները բացահայտեն ու գտնեն այն:
«Ձեզնից յուրաքանչյուրը տաղանդ ունի, և դուք այս տարիքում պետք է կարողանաք գտնել այն և հասկանաք, թե ինչ եք ուզում: Մի՛ վախեցեք սխալվելուց, քանի որ կյանքը միշտ ձեր սխալները կուղղի, ձեզ ճիշտ ճանապարհով կտանի: Ինքներդ ձեր նկատմամբ ազնիվ եղեք, երբեք մի փորձեք ինքներդ ձեզ խաբել,-նշել է նախագահը»,- նշել է ՀՀ նախագահը։
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից դպրոցում այս տարվա նոյեմբերից իրականացվող More for Metsamor նախագիծը դպրոցական կրթությանն աջակցող բազմաբաղադրիչ ծրագիր է: Այն նպատակ ունի դպրոց բերել նոր բովանդակություն՝ խրախուսելով աշակերտներին ուղղակիորեն ներգրավվել իրենց ապագայի ձևավորման գործում: Նախագծի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, երեխաներն այցելում են նաև գիտատեխնոլոգիական հաստատություններ, ծանոթանում դրանց աշխատանքներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







