Կոռուպցիան մարդկանց մոտ ասոցացվում է նախ անձնական հարստացման հետ, բայց մենք պետք է հասկանանք, որ կոռուպցիան լինում է նաև քաղաքական, դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նա այդ մասին հայտարարել է՝ մեկնաբանելով «ԷՄ ՓԻ ՋԻ» սոցիոլոգիական կազմակերպության (Հայաստանում GALLUP-ի ներկայացուցչի) սոցհարցման տվյալները, որոնց համաձայն՝ երևանցիների 43,4%- ը կարծում է, որ գործարարների կողմից Երևանի քաղաքապետարանին աղբահանության մեքենաները նվիրաբերելը «միանշանակ կոռուպցիա չէ», իսկ 22,8% — ը կարծում է, որ «դա ավելի շուտ կոռուպցիա չէ»:
«Քաղաքական կոռուպցիայի մաս են կազմում այն դեպքերը, երբ քաղծառայողները գերազանցում են իրենց լիազորությունները՝ հետապնդելով որոշակի քաղաքական շահեր։ «Կամազների» դեպքը քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է», — հայտարարել է «Լույս» խմբակցության ղեկավարը:
Դավիթ Խաժակյանը նոր աղմկահարույց բացահայտումներ է խոստացել, մասնավորապես, պետգնումների ոլորտում՝ հայտարարելով, որ պատրաստվում է ԱԺ քննչական հանձնաժողով փոխանցել իր ունեցած փաստերը, որոնք վկայում են քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքների մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







