Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավագանու նիստի ժամանակ վերահաստատեց ավագանիում իր լիազորությունները վայր չդնելու մասին որոշումը:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ ինքը ետ չի կանչվել և շարունակելու է իր աշխատանքը որպես ավագանու անդամ:
«Ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն բոլոր այն հնարավոր ձևակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը կախված է նաև քաղաքապետ Հայկ Մարությանից:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 17-ին հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին ետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը դեկտեմբերի 23-ին որոշել էր շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում՝ ի դեմս Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







