2020 հունվարի 1-ից, վեց ամսվա պարբերականությամբ, Արցախի և Հայաստանի միջև կնվազեն շարժական հեռախոսակապի ռոումինգի սակագները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ելքային զանգերի սակագները կնվազեն 25%-ով, իսկ մինչև 2021 թվականը այդ նվազումը կկազմի 30%։
«Մուտքային զանգերի սակագները 2020 թվականի հունվարի 1-ից կնվազեն շուրջ 40%-ով և 2021 թվականի հունվարի դրությամբ կկազմեն 45%։ Նվազումը լինելու է պարբերական»,- ընդգծեց Գարեգին Բաղրամյանը։
Անդրադառնալով տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության սակագնին՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ 50%-ով կնվազի տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության սակագինը, 2021 թվականի հունվարի 1-ից արդեն այդ նվազումը կկազմի 65%։
«Sms հաղորդագրությունների գինը կնվազի շուրջ 65 %- ով, 2021 թվականի հունվարի 1-ից կլինի 75% նվազեցում»,- եզրափակել է Գարեգին Բաղրամյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







