ՀՀ վարպապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ընդունեց մահացած զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի հարազատներին:
Նիկոլ Փաշինյանը ցավակցեց զինծառայողի հարազատներին։
Արթուրի պապիկը պատմեց, որ նրա ծնողները վաղուց ամուսնալուծվել են, տղան ապրել է մոր հետ: Չափահաս դառնալով՝ եկել է պապի մոտ, ասել՝ ուզում է գնալ, ծառայել, թեպետ որևէ ցուցակում չկար:
Զինծառայողի պապը նշեց, որ Արթուրը ծառայել է 11 ամիս և մահացել է հենց ծննդյան օրը։
Վարչապետը նշեց, որ իրեն տեղեկացրել են՝ քրեական գործ է հարուցված երկու և ավելի անձանց սպանության գործի առթիվ, քննություն է գնում, պետք է պարզվի՝ ինչ է տեղի ունենում:
«Ամեն ինչ կանենք, որ քննությունն օբյեկտիվ լինի: Բայց մեր տղային կարո՞ղ ենք վերադարձնել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետին պատասխանեցին, որ այս ամենն արվում է՝ նմանատիպ դեպքերի կրկնությունից խուսափելու համար: Երբ ասացին՝ բռնության հետքեր են տեսել, վարչապետն ասաց՝ իրեն զեկուցել են, որ բռնության հետքեր դիակի վրա չեն եղել, ասում են՝ դիաբծերը հարազատները շփոթում են բռնության դեպքի հետ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նաև նախաքննության գաղտնիք չհանդիսացող տվյալների մասին տեղեկանք կազմել և փոխանցել հարազատներին։
«Ես ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել, որ չենք կարողացել դեռ ձեր բարձրացրած խնդիրները լուծել, որ այսօր այս իրավիճակի առաջ չկանգնենք: Այս պահին այսքանը կարող եմ ասել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ ևս մեկ անգամ խոստանալով, որ ամեն ինչ կարվի, որ գործը բացահայտվի:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից կառավարության շենքի մոտ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







