Երկրի իշխանություններն արհամարհանք և անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում «5 ալիք» հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ՝ անգամ բացահայտ սպառնալիքներ հնչեցնելով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
Հարությունյանը նշել է, որ ալիքի լսարանը վերջին տարիներին զգալիորեն աճել է, ինչն էլ իշխանությունների դժգոհության հիմքն է։ Նա նաև ընդգծել է, որ խմբագրություն բազմաթիվ զանգեր են ստացվում հանդիսատեսից, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցել հեռուստաալիքին:
Հեռուստաընկերության տնօրենը տեղեկացրել է, որ «5-րդ ալիքի» աշխատակիցները ստորագրահավաք են կազմակերպել՝ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությամբ դիմելու գլխավոր դատախազություն:
Նշենք, որ դեկտեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ միջնորդությունը՝ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ: Նա մեղադրվում է կեղծ ցուցմունքներ տալու նպատակով Ռոբերտ Քոչարյանի գործով վկային կաշառելու փորձի մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







