1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը կկայանա ըստ ամենայնի՝ մարտի վերջ-ապրիլի սկիզբ ժամանակահատվածում։
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ոստիկանությունից վիճակագրական տվյալներ են խնդրել՝ 2018 և 2019 թվականների հետ կապված՝ համեմատական ցուցանիշներ, թե ինչքան սպանության, ավազակության, գողությունների դեպքեր են արձանագրվել 2018 և 2019 թվականներին։ Այդ տվյալները խոսում են այն մասին, որ կրիմինոգեն վիճակը 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է։ Ըստ ոստիկանության տվյալների, 2018-ին գրանցվել է սպանության 35 դեպք, 2019-ին՝ 12-ով ավելի՝ 47 դեպք։ Ավազակությունը ևս աճել է․ 2018-ին՝ 47 դեպք, իսկ 2019-ին՝ 62։ Աճ կա նաև գողության դեպքերի պարագայում․ 2018 թվականին արձանագրվել է 8 հազար 851, 2019-ին՝ 10 հազար 732 դեպք։ 2019-ին 18-ի համեմատ աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 4 հազար 111 և 4 հազար 799։ Միայն մահվան ելքով պատահարները չեն աճել․ 2018-ին՝ 343 դեպք, 19-ին՝ 341։
3․«Հրապարակ» թերթը գրում է, որ ԲՀԿ-«Իմ քայլը» մարտերը, դադարեցվել են «վերևից»․ Նիկոլ Փաշինյանն ասել է` «ատստավիծ»: Ի դեպ, մենամարտի օրը Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չի եղել՝ մեկնել է Մոսկվա` մասնակցելու Սամվել Կարապետյանի տիկնոջ` Էթերիի 50-ամյա հոբելյանին և 2 թոռների ծննդյան արարողությանը, որին մասնակցել է ռուսական բոմոնդը, այդ թվում՝ ՌԴ նոր վարչապետի ընկեր Արթուր Ջանիբեկյանը, Կարապետյանի հայաստանյան բոլոր սանիկները` Արգամ Աբրահամյանից մինչև Սամվել Ալեքսանյան, իսկ սանահեր Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել:
4․«Հրապարակ» թերթը գրում է, որ Իջևանի տարածաշրջանի բնակիչներից հայտնում են, որ Ենոքավանի շրջակայքում ուժեղ պայթյուն են լսել։ Ձայնը նմանեցրել են ընկնող ինքնաթիռի ձայնի։ Տեղեկություն էին խնդրում։ Վերջը Սիփան Փաշինյանը արձագանքել է՝ նշելով, որ Ռուսաստանի ՊՆ-ից պաշտոնական տեղեկատվություն ենք ստացել, որ օրվա ընթացքում տեղի են ունեցել օդային զորավարժություններ, երեսունից ավելի օդային տեխնիկա է մասնակցել` 100 զինվորների մասնակցությամբ: Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլեւ Լոռիում: Հավանաբար թռիքչների աղմուկն է եղել։
5․«Հրապարակ» թերթը գրում է, որ Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է դիմել ԱԺ՝ իշխանական 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Խոսքն Ալեն Սիմոնյանի և Ռուստամ Բաքոյանի մասին է։ Բաքոյանը նախօրեին Արարատի մարզում մսավաճառների հետ քննարկմանը «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանին անվանել էր պրովոկատոր և արգելել հարց տալ, իսկ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանին․ իր էջում Սերժ Սարգսյանի մասին ստատուսի տակ իր համակիրներին խորհուրդ է տվել «շան տեղ չդնել» Արզումանյանին։
6․«Հրապարակ» թերթը գրում է, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Թերթի տեղեկություններով, քննարկում են պաշտպանության նախկին նախարար, ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ «Դեռևս ծանուցում չենք ուղարկել, բայց կուղարկենք»,- հայտնել է թերթի աղբյուրը։
7․«Փաստ» թերթը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Դավոսում տեղի ունեցող ամենամյա տնտեսական համաժողովին:
Դավոս է մեկնել նախագահ Արմեն Սարգսյանը։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանն այս տարի չի մեկնել Դավոս, քանի որ համապատասխան մակարդակի հանդիպումների շարք չեն կարողացել նախապատրաստել, ինչպես նաև ելույթի համար հարթակ չեն կարողացել ապահովել։
8․«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հունվարի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հասկանալու համար, թե ինչպիսի դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկի շուրջ, այն է՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելի: Վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի կողմից բառացի այսպիսի պատասխան է ստացվել․
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի հունվարի 25-ին նախատեսվող մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի բոլոր հարցերին, այդ թվում՝ Ձեր կողմից նշված հարցերին»:
Ըստ թերթի՝ ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը տեղի է ունենալու Կապան քաղաքում, և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այնտեղ հասնելու ոչ մի պայման ապահովված չէ: Այս անգամ իշխանությունները որոշել են լրագրողների տեղափոխման, կեցության հարցերը չվեցնել իրենց վրա, այլ թողնել լրատվամիջոցների հոգածությանը:
9․Ըստ «Ժամանակ» թերթի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի նկատմամբ հավակնություններ ունի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Նկատի ունենալով, որ Ղազինյանի որդին՝ Արթուր Ղազինյանը, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է, քիչ հավանական է, որ Գագիկ Ղազինյանը կարողանա իրականացնել իր վաղեմի երազանքը»:
10․«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի գլխավորած Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին նախատեսում է դռնփակ նիստ հրավիրել: Ըստ թերթի տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամները՝ Հայրապետյանի գլխավորությամբ, խորհրդարան են հրավիրել ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին, որպեսզի հասկանան, թե ինչ լուծում կարող են տալ, եթե ՀՀ-ում սիրիահայերի մեծ հոսք սկսվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







