1․ «Հրապարակ» թերթը գրում է,որ ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը նախօրեին փակ քննարկում է արել։ Քննարկմանը իշխանականների և ԲՀԿ-ականներ Շաքե Իսայանի ու Արման Աբովյանի միջև միջադեպ է ծագել, որից հետո ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը։ Դեռ դեկտեմբերի 9-ին աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով հայտեր ներկայացնել նաև ՀԿ-ներին ու փորձագետներին, պայմանով, որ առնվազն 5 տարվա գործունեության փորձ և 2015թ. դեկտեմբերից առ այսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն։ ԲՀԿ-ականները տեղեկացրել են, որ իրենց են դիմել տասնյակ ՀԿ-ներ՝ դժգոհելով, որ հայտերի ընդունման հայտարարությունը պատշաճ չի տարածվել, ժամկետը կարճ է եղել։ Սակայն իմքայլականները մերժել են այս առաջարկը և հաստատել իրենց դիմած ՀԿ-ների ցուցակը՝ 15 ՀԿ և 4 փորձագետ։ «Մենք, ծանոթանալով այդ ցուցակում ընդգրկված ՀԿ-ների կազմին, որոշեցինք բոյկոտել»,- թերթին ասել է Շաքե Իսայանը՝ չմանրամասնելով, թե որ ՀԿ-ներն են ընդգրկվել․ «Փակ քննարկում է՝ կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»։ ԲՀԿ-ն որոշել է հարցը քննարկել խմբակցությունում, որպեսզի հասկանան հետագա քայլերը։
2․ Հրապարակ» թերթը գրում է, որ նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, և բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Քննչականից հաստատել են, որ նրան հրավիրել են որպես վկա, երկու գործով՝ գաղտնալսումների և Ֆուտբոլի ֆեդերացիայի, որտեղ չարաշահումներ են արձանագրվել Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանի հետ կապված։ Ըստ թերթի՝ ակնհայտ է, որ իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից և ընդդիմադիր դաշտում արձանագրվող տեղաշարժերից։ Թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին Ա․ Վանեցյանը պաշտոնական հայտարարություն է անելու քաղաքական դաշտ մտնելու մասին, ինչը կանխելուն էլ թերևս ուղղված են ՔԿ հրավերն ու հարցաքննությունը։
3․ «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 15-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Գործող իշխանությունը մտադիր է ակտիվ մասնակցել այդ ընտրություններին, և մարզպետներին հանձնարարական է տրված գտնել համապատասխան թեկնածուներ, որը, պարզվում է, այնքան էլ հեշտ գործ չի:
Իշխանությունը չի ցանկանում իրենով անել գործող գյուղապետերին, որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ական է եղել, իսկ նորերը շատ քիչ շանս ունեն հաղթելու»:
4․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս հարցաքննության է հրավիրվել իր բնակարանի գողության գործով:
5․ «Ժամանակ» թերթը գրում է, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը կայացել է երեկ: Չնայած նիստին չեն մասնակցել խորհրդի ակնհայտ իշխանամերձ ներկայացուցիչները, սակայն քվորում եղել է, և նիստի ընթացքում որոշում է կայացվել ռեկտորի ընտրությունները նշանակել մարտի 23-ին:
Չնայած ընտրության օրը նշանակված է, սակայն մեր աղբյուրը չի բացառում, որ ընտրությունը կարող է տապալվել՝ նկատի ունենալով կափանյան ասուլիսում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ պետական բուհերում կնշանակվեն ժամանակավոր կառավարիչներ»:
6․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է,որ երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված է եղել չեղարկել իր իսկ կողմից կայացված որոշումներից մեկը: Բանն այն է, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ընդունել՝ փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությունն է, որով փորձ է արվում Սահմանադրական դատարանին չեզոքացնել սահմանադրական փոփոխություններին մասնակցություն ունենալուց: ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի:
«ԱԺ կանոնակարգ-օրենքը» սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, սակայն ԱԺ խորհուրդը նախօրեին նիստ չէր գումարել, ինչի պատճառով որոշման հրապարակումից ժամեր անց այն ջնջվեց ԱԺ կայքից: Երեկ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել և դրանով անվավեր ճանաչել նախորդ որոշումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







