«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԵՊՀ տեղեկատվական կենտրոնը։
Ըստ հայտարարության՝ մրցույթին կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2020 թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):
Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,
բ) լուսանկար,
գ) ինքնակենսագրություն/ռեզյումե,
դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, դոկտորի գիտական աստիճանը և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,
ե) հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։
«գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է նաև էլեկտրոնային տեսքով՝ pdf ձևաչափով։
Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը տեղի կունենա 2020 թ. մարտի 23-ին։
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» կայքում ( documentation.ysu.am): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին (հեռ.՝ 043-66-19-22, էլ. փոստ՝ [email protected]):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







