ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՝ մեկնաբանելով «Հրապարակ» թերթում իր դատվածության մասին հրապարակված նյութը, չհերքեց, որ դատվածություն է ունեցել, միաժամանակ հայտնելով, որ հրապարակման սկզբնաղբյուրը պարզելու համար դիմում է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը։
Նախարարի խոսքով՝ հրապարակումը միտված է իր բարի համբավը մրոտելուն ու իր կողմից կատարված աշխատանքը նսեմացնելուն։
«ՀՀ օրենսդրությամբ որևէ դատվածություն, եթե մարված է, տվյալ անձը դատված չի համարվում։ Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում, ծառայության ընթացքում լինում են նաև որոշ խնդիրներ: Այն ամենը, ինչ ներկայացվել է, պարունակում է որոշակի ճշմարտություն, սակայն կա նաև որոշակի թյուր մատուցման ձև։ Խոսքը վերաբերում է 2004-ից 2006 թվականներին իմ ծառայության ընթացին։ Իմ ծառայության ընթացքում աչքի եմ ընկել որպես լավ զինվոր, սակայն եղել է մի դեպք, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել, ու ես հայտնվել եմ մի միջադեպում: Իմ մասնակացությունը ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք է ու ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը, դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ», — ասաց նա՝ հերքելով իր մասնակցությամբ կտրող-ծակող սուր գործիքների օգտագործմամբ միջադեպի վերաբերյալ տեղեկությունները։
Պապիկյանը նշեց, որ կյանքի այդ էտապը համարում է փակված և ինքը շարունակելու է ծառայել Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին։ «Սա գաղտնի չի եղել, ես ոչինչ չեմ թաքցրել, իմ հայրենի Ստեփանավանում իմացել են, հիմա էլ իմ շատ ընկերներ դրա մասին գիտեն, բայց դա ես չեմ համարում վտանգավոր ինչ-որ բան, ես ափսոսում եմ», — ասաց նախարարը։
Սուրեն Պապիկյանն ընդգծեց՝ այս ինֆորմացիան անձնական գաղտնի ինֆորմացիա է ու ոստիկանության հատուկ բաժնում է պահպանվում։
«Այս ինֆորմացան հասու կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաներին, ես ուզում եմ արձանագրել, որ իրավապահ տվյալ անձը կամ անձինք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով ու տվյալ անձինք այսօր խոսում են պատվից», — ասաց նա։
Նախարարը դիմեց Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն՝ պարզելու, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի տեղեկությունը դարձել իր անունը մրոտելու առիթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







