Հունիսի 10-ին կայացած լիագումար նիստում Իրանի Մեջլիսը վավերացրել է ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի ֆեսյբուքյան գրառումից:
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված ազատ առևտրի գոտու ստեղծման մասին հանաձայնագիրը այս գործընթացի առաջին փուլն է:
Ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է երեք տարի ժամկետով։ Այս ժամանակահատվածում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու ստեղծման մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում: Համաձայնագրով նախատեսված է Իրանի հետ սակագնային պարտավորությունների նվազեցում գործող մաքսատուրքերի մինչև 75%-ի չափով։
Այս համաձայնագիրը Հայաստանի համար առանձնապես կարևորվում է մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերի նվազեցման առումով։
Նշենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին՝ Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ Համաձայնագիրը վավերացվել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







