Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն ու ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձինք հանդիպել են «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբը ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության նախնական եզրակացությունը:
Հիշեցնենք, որ 2018 թ ․ նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին:
Հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը, որը պետք է փորձաքննություն իրականացներ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի տարածքում և տրամադրեր փորձաքննության արդյունքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







