Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստան — Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Հակոբ Արշակյանը անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություներին, ներկայացրել Հայաստանը դեպի բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր ճանապարհի տեսլականը:
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանում բավականին զարգացած է և լուրջ հիմքեր ունի ստեղծագործ միտքը։ ՀՀ կառավարության համար ամենաառաջնային հարցը Հայաստանը բարձր տեխնոլոգիական արտադրող և արտահանող երկիր դարձնելն է։ Այդ պատճառով նոր կառավարության կազմում փոփոխությունների արդյունքում ևս մեկ նախարարություն է ստեղծվել՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Աշխարհը շատ արագ է զարգանում և ստեղծագործ միտքն ու արագությունն են, որ առաջ են տանում համաշխարհային գիտական զարգացումները։ Այն երկրները, որոնք կարողանում են վերցնել ու կիրառել նորարարությունները, կարողանում են աշխարհին ներկայանալ նոր տիպի արդյունաբերությամբ, նոր, արագ ու ճկուն համակարգերով, ինչպես կառավարման, այնպես էլ գործարարների ու պետության համագործակցության, պետական ծառայությունների մատուցման՝ դեպի իր քաղաքացիները, և աշխարհի հետ ավելի համահունչ ու փոխկապակցված զարգացվածությամբ»,-ընդգծել է նախարարը:
Հակոբ Արշակյանը նշել է, որ երկրները, որոնք կարողանում են նորարարական և ինժեներական ընկերությունների ի հայտ գալու և զարգացման համար նորարարության խթանման ճիշտ էկոհամակարգ ստեղծել, նրանք էլ աշխարհը կարողանում են առաջնորդել դեպի նոր զարգացումներ և աշխարհի զարգացման մեջ իրենց երկրների դերը մեծացնելով քարտեզի վրա՝ ճիշտ տեղորոշել իրենց պետությունները։ Հայաստանը կարիք ունի աշխարհի քարտեզի վրա տեղորոշելու որպես բարձր տեխնոլոգիական, մաքուր սննդի և մաքուր շրջակա միջավայրի կենտրոն, և այդ ուղղությամբ մեծ ջանքեր են կիրառվելու։
Անդրադառնալով էկոհամակարգի զարգացմանը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշել է, որ նախկինում էլ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, և կատարվելիք աշխատանքները դրանց տրամաբանական շարունակությունն են։
«Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն։ Հայկական ստարտափները շատ մեծ ներկայություն ունեն Սիլիկոնյան հովտում և շատ հեշտ ու արագ են կարողանում ստեղծել կապեր, շուկաներ մտնել, քանի որ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Սիլիկոնյան հովտում ունենք հայկական սփյուռք, և հայկական կապերը պետք է օգտագործել թե՛ մեծ ընկերություններում, թե՛ էկոհամարգերում։ Այդ նպատակով ստեղծվելու են ծրագրեր, որոնց կմասնակցեն նաև այս տարի արդեն ստեղծված և զարգացող ինստիտուցիոնալ կառույցները, որոնք թույլ կտան, որպեսզի հայկական և ոչ միայն հայկական ընկերությունները, որոնք կցանկանան գործունեություն ծավալել Հայաստանում, օգտվեն հայկական սփյուռքի այդ կապերից»,- նշել է Հակոբ Արշակյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







