Հայաստանի Հանրապետության կառավարությունում հունիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրի իրականացման թեմայով խորհրդակցությունը։
Խորհրդակվության շրջանակներում ներկայացվել է 400/220/10 կՎ «Դդմաշեն» ենթակայանի, էլեկտրահաղորդման 400/500 կվ օդային գծի, հաստատուն հոսանքի «Այրում» փոխակերպիչ կայանի կառուցման աշխատանքները, ընթացիկ խնդիրները և առաջարկվող տեխնիկական լուծումները, ինչպես նաև տարածաշրջանային էներգահամակարգերի աշխատանքի սինխրոնիզացման հնարավորությունները:
Կառավարությունում հրավիրված խորհրդակցության շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը, տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Վրաստանի հետ արդյունավետ էներգետիկ հաղորդակցության ապահովման, Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման ոլորտում համագործակցությունը։
Նշենք, որ Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումն առանցքային տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասում էներգետիկ հաղորդակցության ոլորտում և ռազմավարական նշանակություն ունի «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի ստեղծման համար (Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







