Այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է մի շարք տվյալներ և ցուցանիշներ՝ ՀՀ պետական պարտքի հետ կապված։
Ըստ նախարարի՝ պարտքի աճի կամ նվազման մասին հստակ պատկերացում կարելի է կազմել միայն տարեկան ցուցանիշների միջոցով, քանի որ տարվա ընթացքում դրանք կարող են անկայուն լինել և տատանվել։ Նախարարը նշեց, որ անվանական արտահայտությամբ պարտքը աճի տեմպեր կարող է գրանցել, սակայն դա չի երաշխավորում պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճը։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակում է տարեկան հաշվետվություններ՝ պետական պարտքը բնութագրող տարբեր ցուցանիշների վերաբերյալ։ Ներկայումս հրապարակված են միայն 2018 թվականի տարեկան ցուցանիշները։ Այսպես, ըստ 2018 թվականի հաշվետվության, նախորդ տարվա համեմատ ՀՀ պետական պարտքի ծավալն աճել է 69.4 մլրդ դրամով (2.1%-ով), իսկ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 55.8%` նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ՝ նվազելով 3.1 տոկոսային կետով։
Այսպիսով, նախորդ տարվա ցուցանիշները վկայում են այն մասին, որ ՀՀ պետական պարտքի ծավալն աճել է, իսկ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել, ինչը պայմանավորված է նրանով, որ համապատասխան ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի տեմպը(7,9%) գերազանցել է պետական պարտքի աճի տեմպին(2,1%)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







