ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝ 5 տարի։ Համալիրի կառուցման համար կներդրվի 270 մլն ԱՄՆ դոլար։
Բազմաֆուկցիոնալ բնակելի համալիրի շինարարությունը նախատեսվում է իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն առաջարկվում է ստեղծել և բարեկարգել նաև ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի և ճոպանուղի: Ընկերության ղեկավար Դավիթ Չիթչյանի խոսքով՝ համալիրի շուրջ կա լուրջ հետաքրքրություն։
Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունն այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը և առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները ծրագրի իրականացման ընթացքում։
«Լաուրա ինվեսթմենթի» գործընկեր «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերությունը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև համալիրի կառուցմանն առնչվող հարցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







