Վերջին շրջանում ՀՀ բարձրագույն ղեկավարությունը սոցիալական ցանցերի միջոցով սկսել է հրապարակել տնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշներ։ Այսօր՝ Օգոստոսի 26-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2019 թվականի հուլիս ամսվա վիճակագրություն՝ ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Այսպես, ըստ փոխվարչապետի՝ հուլիս ամսին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 8.1 %-ով, արդյունաբերությունը՝ 16.1% -ով, ծառայությունները՝ 14.9%-ով, շինարարությունը՝ 4.1%-ով, առևտրաշրջանառությունը՝ 9.1%-ով, արտահանումը՝ 19.5%-ով, իսկ ներմուծումը՝ 10%-ով։
Նշենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն դեռևս հրապարակել է միայն տարվա առաջին կիսամյակի ամփոփ ցուցանիշները։ Մասնավորապես, ըստ վիճակագրության, 2019 թվականի հունիս ամսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսության ակտիվությունն աճել է 3.4 %-ով, իսկ մայիս ամսվա նկատմամբ՝ 8.2%-ով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019 թվականի հունիս ամսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 12.8% -ով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 6.3%-ով։
Համապատասխան ցուցանիշները շինարարության ոլորտում կազմում են 0.6% և 15․9 %, իսկ առևտրաշրջանառության մեջ՝ 5.9% և 5.5%:
Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների աճը նախորդ ամսվա նկատմամբ մի քանի անգամ գերազանցում են նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ աճի ցուցանիշին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







