ՀՀ Շրջակա միջավայի նախարար Էրիկ Գրիգորյանը Գիտությունների ազգային ակադեմիային խնդրել է կարծիք տալ Ամուլսարի հանքի ՇՄԱԳ-ի լիարժեքության վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ-ն հաղորդագրություն է տարածել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։
Ըստ ԳԱԱ տարածած հաղորդագության՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ ԳԱԱ-ն պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի սեպտեմբերի 3-ին, որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ:
«ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հայտարարության համաձայն՝ նախարարությունը Ամուլսարի ծրագրի գործընթացի վերաբերյալ վերջնական կարծիք պետք է ներկայացնի սույն թվականի սեպտեմբերի 4-ին: Հայտնում ենք, որ նախանշված ժամկետում հնարավոր չէ տալ լիարժեք գիտական հիմնավորում Ամուլսարի ծրագրին՝ հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի մեծ ծավալը և խնդիրների լայն շրջանակները»,- ասված է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Համաձայն ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության՝ ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, ի պատասխան ինստիտուտի տնօրենին ավելի վաղ՝ սույն թվականի օգոստոսի 29-ին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի նամակի, ուղարկել են Ամուլսարի ծրագրի առանձին խնդիրների վերաբերյալ իրենց գիտական ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ առանձին կարծիքները, եզրակացությունները:
«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին ողջամիտ ժամկետում»- ասված է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







