Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, նախագահական նստավայրում հյուրընկալել են մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգներին՝ թոռներին և ծոռներին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատիվ է հյուրընկալել մեծ բանաստեղծի ժառանգներին։
«Սովորաբար մեծերին հիշում ու մեծարում են հոբելյանների ժամանակ, բայց Թումանյանը, նրա ստեղծագործությունները մեզ հետ են մշտապես: Մեզ համար նա լեգենդ է, և ժամանակի հետ այդ լեգենդը գնալով ավելի է բյուրեղանում»,-նշել է Արմեն Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Թումանյանի ժառանգության պահպանման ու տարածման շուրջ, ներկայացվել են գաղափարներ՝ Թումանյանի ինստիտուտ ստեղծելու, Դսեղում թումանյանական բնաշխարհն ու միջավայրը պահպանելու վերաբերյալ:
Թումանյանի ժառանգներն Արմեն Սարգսյանին նվիրել են նաև մեծանուն բանաստեղծի 150-ամյակի առիթով հրատարակված ժողովածուները:
Նշենք, որ Հովհաննես Թումանյանի ժառանգները Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախաձեռնությամբ հայ մեծ գրողի 150 ամյակի շրջանակներում հավաքվել են հայրենիքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







