Սեպտեմբերի 4-ին ԵԱՏՄ պաշտոնական կայքում արդեն հրապարակվել են հունվար-հունիս ամիսների ընթացքում միության անդամ երկրների սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։ Այսպես, 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ անդամ երկրների առևտուրը երրորդ երկրների հետ նվազել է 2,2%-ով։ Այդ թվում՝ ՀՀ-ում՝ 2%, Բելառուսում՝ 1,3% , Ղրղստանում՝ 5,2%, ՌԴ-ում՝ 2,8%, և աճել է միայն Ղազախստանում՝ 3,3%-ով։
Նշենք նաև, որ ԵԱՏՄ անդամ երկրների ներքին առևտուրը միության շրջանակներում 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, նվազել է ավելի մեծ տեմպերով, քան արտաքինը՝ 5,4%-ով։ Մասնավորապես․ ցուցանիշն աճել է ՀՀ-ում՝ 5,7%-ով և Բելառուսում՝ 0,4%-ով, սակայն նվազել է Ղրղստանում՝ 27,7 %, ՌԴ-ում՝ 7,1 %, Ղազախստանում՝ 6,3%։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ՀՀ ցուցանիշները համեմատաբար ավելի բարձր դիրքերում են միության մեջ՝ աճի դինամիկայի տեսանկյունից, սակայն ԵԱՏՄ ընդհանուր առևտուրը նվազում է թե՛ միության ներսում, թե՛ վերջինիս սահմաններից դուրս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







