ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պայմանավորվել են մինչև 2020 թվականի հուլիս երկու երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը:
Պարբերականը հայտնում է, որ երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն 2020 թվականին նման համաձայնագիր կնքելու համար ։
Ժամկետի ընտրությունը պայմանավորված է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ կապված ռիսկերով, որը տեղի կունենան 2020 թվականի աշնանը: Չնայած նրան, որ համաձայնագրի կնքման հնարավորությունը վաղուց քննարկվում է, պաշտոնական բանակցությունները կարող են սկսվել միայն Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:
Եթե ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը ստորագրվի, ապա Անգլիայի համար դա կլինի ամենախոշոր առևտրային գործարքը, որը նա երբևէ ստորագրել է ԱՄՆ-ի հետ:
Պաշտոնական Վաշինգտոնը տվյալ գործարքից շահավետ պայմաններ է ակնկալում՝ Անգլիա իր ապրանքների ներմուծման համար (մաքսատուրքերի նվազեցում)։ Բացի դրանից, պայմանագիրը ձեռնտու է նաև ԱՄՆ-ի խոշոր տեխնոլոգիական կորպորացիաներին, քանի որ այս դեպքում նրանք չեն վճարի թվային հարկ:
Իսկ ահա Մեծ Բրիտանիան, համաձայնագրի ստորագրման արդյունքում, հնարավորություն կստանա օգտվել ֆինանսական ծառայությունների ամերիկյան շուկայից։
Նշենք, որ օգոստոսի վերջին Ջոնսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է համաձայնագիր կնքել մեկ տարվա ընթացքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







